Արա Զոհրաբյանը դիմել է պարետին՝ փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ

Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը: Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության և իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված չէ նաև Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Սրա վերաբերյալ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին։

Փաստաբանների պալատի նախագահը՝ դիմելով պարետին, մտահոգություն է հայտնել փաստաբանների և փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ:

Մեջբերելով Սահմանադրության 64-րդ և 76-րդ հոդվածների դրույթները Փաստաբանների պալատը պարետի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ՝

– անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ.

– փաստաբանի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն ՕՐԵՆՔՈՎ և ոչ թե կառավարության կամ պարետի որոշումներով:

Ակնհայտ է, որ նույնիսկ արտակարգ դրության օրերին անձինք կարիք են ունենալու իրավաբանական օգնություն ստանալու, քանի որ՝

– Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են քրեական հետապնդման ենթարկվել քաղաքացիները, այդ թվում՝ կատարվելու են քննչական անհետաձգելի գործողություններ,

– ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների խախտումների հարցերով ընթանալու են անհետաձգելի դատավարություններ (օրինակ՝ մեղադրյալի կալանավորման հարցով դատական նիստ),

– հնարավոր են մարդկանց իրավունքների և ազատությունների խախտումներ (ապօրինի ազատությունից զրկում, ապօրինի տուգանքներ և այլն):

Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է վերացնել փաստաբանների և Փաստաբանների պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Հ.Գ. Գրությունը որևէ կերպ չի արժեզրկում Փաստաբանների պալատի դիրքորոշումը և հավանությունը՝ Կառավարության՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության իրականացման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել