Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ օրերս տեսակապով մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված քննարկմանը:
«Քննարկմանը մասնակցում էին 50 երկրների կրթական պատասխանատուներ: Թեման՝ կորոնավիրուսով պայմանավորված ուսումնական առկա գործընթացների դադարեցումն էր և հեռավար կրթության կազմակերպումը: Խնդիրների բախվում են բոլոր երկրները, և դրանց լուծումը հնարավոր է միայն համագործակցությամբ և լավագույն փորձի փոխանակմամբ»,-նշել է նա:
Նախարարությունից տեղեկանում ենք, որ ուսուցիչների կարևորագույն դերը կրթության շարունակականության ապահովման գործում կարևորել է Ֆրանսիայի հեռավար կրթության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միշել Ռեֆերսիոն Բիյոնը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կրթության ոլորտի պատասխանատու մարմինները փորձում են սովորողներին և ուսուցանողներին ապահովել անհրաժեշտ տեխնիկական պայմաններով, թեմատիկ էլեկտրոնային պորտալներով, առցանց ուսուցողական ծրագրերով և այլն:
Կարևորվել է նաև բազմակողմանիության դերը: «Նախարարները պետք է հաշվի առնեն իրավիճակի յուրահատուկ լինելը և այն, որ միասնական մոտեցում գոյություն չունի: Մենք բոլորս պետք է սովորենք միմյանցից և այս ճգնաժամի պատճառով կառուցենք ավելի ուժեղ կրթական համակարգ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինին:
Հեռավար ուսուցումը ներառական դարձնելու համար անհրաժեշտ է միասնական մոտեցում և ավելի սերտ գործընկերություն․ սա էր տեսակոնֆերանսի առանցքային եզրակացություններից մեկը: