Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների շրջանակում հաշվի առնելով մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցման անցնելու հարցի հրատապությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ:
Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը, որի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ներկայացնել կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և որոշ կրթական կազմակերպությունների էլեկտրոնային ուսուցման իրականացման փորձը:
Էլեկտրոնային ուսուցման ներկայացված բաղադրիչները և քայլերը հնարավորություն կտան ստանալ բավականաչափ տեղեկություն, ինչպես նաև կնպաստեն էլեկտրոնային ուսուցման գործընթացն իրականացնելու վերաբերյալ գրագետ որոշումների կայացմանը:
Նշենք, որ առցանց վերապատրաստումը կանցկացվի երկու փուլով՝ մարտի 20-27-ը և մարտի 27-ից ապրիլի 3-ը: Վերջին փուլի վերապատրաստաման համար ներկայում իրականացվում է դասախոսների հավաքագրում: Այս ժամանակահատվածում վերոնշյալ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:
«Հեռավար ուսուցման ազգային ցանց» (ՀՈՒԱՑ) ՀԿ-ն հիմնադրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերության իրականացրած «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների կառավարում էլեկտրոնային ուսուցման ոլորտում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքում: