ՏՄՊՊՀ-ն՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների գների մասին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:

«Ընդ որում՝ դիտանցումներն իրականացվում են նաև շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՀՀ ՊԵԿ-ի և մարզպետարանների հետ համագործակցությամբ այս ընթացքում նաև փոքր տնտեսավարողների մոտ առկա տվյալներն են հավաքագրվում, թեպետ դա մեր գործառույթների շրջանակից դուրս է, ուստի հանձնաժողովին անգործության մեջ մեղադրելն առնվազն անհիմն է:

Հիշեցնենք, որ մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովը զգուշացում է տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հայտնելով, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրանող հանգամանք: Արդեն իսկ թվով երկու վարույթ է հարուցված ալկոգելերի վաճառքի հետ կապված: Աշխատանքները շարունակվում են:

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, և խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսվարողների նկատմամբ: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,-նշված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել