Զինծառայողների բնակարանների վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված նոր նախագիծ է շրջանառվում

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապակենտրոնացնելու և անմիջականորեն զինծառայողի ծառայության վայրի զորամասի կողմից գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:

Սա հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները, որի արդյունքում  կապահովվի զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշման համաձայն զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման):

Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետև ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը:

Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչև համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տևում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել