Մարտի 19-ի առավոտյան տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների 115 հաստատված դեպք կա, որից մեկը՝ առողջացած:
Այս մասին կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ բոլորի վիճակը բավարար է, 38 աստիճանից բարձր ջերմում են 5 անձ:
«60-ից բարձր տարիքի անձիք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը բարձր չէ, իրենց կյանքին վտանգ չի սպառնում ու որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նույն տրամաբանությամբ շարունակում ենք հոսպիտալիզացիան, երբ հաստատված դեպք ենք ունենում՝ պահում ենք հսկողության տակ, իսկ նրանց կոնտակտավորների շրջանակը մեկուսացնում ենք հատուկ վայրերում, ինչպես նաև որոշ դեպքերում իրականացնում ենք ինքնամեկուսացում»,-ասաց նախարարը:
Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե աշխարհում ինչ իրավիճակ է տիրում, որին ի պատասխան նախարարը հայտնեց, որ օրինակ Չինաստանում բռնկումները մարվել են ու երեկ նույնիսկ 1 դեպք չի գրանցվել, սակայն այն չի դադարում եվրոպական երկրներում: «10 հազարի են հասնում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան արդեն 30 հազար և ավելի ունի և մահերի թիվը մոտենում է 3000-ի ինչն իհարկե շատ ցավալի է, բայց կարող ենք ասել, որ մահացողների մեծ մասը բարձր տարիքի անձիք են՝ 70, 80 և ավելի, 90 և ավելի: Մենք միշտ նշում ենք, որ տարիք, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են ամենախոցելի խավը»,-ներկայացրեց Արսեն Թորոսյանը: