Օրվա ավարտին կունենանք մեկուսացված մոտ 600 քաղաքացի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նոր մանրամասներ է հայտնում։
«Վերջին տվյալներով՝ ունենք հաստատված ևս 6 դեպք, որոնք կապված են «արտադրամասի դեպքի» հետ։ Ուզում եմ նշել, որ այդ դեպքերից 18-ը եղել են առանց ցուցումների հետազոտված մեր կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ։ Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը վիրուսը նրանց մոտ նույնիսկ չհայտնաբերվեր։ Շատ քաղաքացիներ հնարավոր է ունեցած, բուժված էլ լինեն, բայց դրա մասին իմացած չլինեն»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այն կորոնավիուսով վարակված ՀՀ քաղաքացիներից 95 տոկոսը, եթե ոչ ավելին, որևէ ախտանիշ չունեն։
Թորոսյանի խոսքով՝ երկրներ կան, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիուսի հաստատված դեպք ունեցող քաղաքացիներին չեն հոսպիտալացնում, այլ հսկում են տնային պայմաններում․ «Մենք դեռևս շարունակում ենք հաստատված դեպքերին պահել հիվանդանոցային պայմաններում՝ տարածման շղթաները կոտրելու համար։ Օրվա ավարտին կունենանք մեկուսացված մոտ 600 քաղաքացի, հնարավոր է ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, որից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը»։