«Հարգելի’ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ, նոր տիպի կորոնովիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով, Լեհաստանի կառավարությունը ս.թ. մարտի 14-ից (շաբաթ օրը) որոշում է կայացրել կասեցնել երկաթուղային և օդային ուղևորափոխադրումների միջազգային ծառայությունները, արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, սահմանափակել առևտրի կենտրոնների գործունեությունը և հանրային միջոցառումների անցկացումը:
Ստորև ներկայացվում են մինչև հետագա ծանուցումը հետևյալ սահմանափակումները.
սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին;
արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման;
հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով);
10 օր (առնվազն) տևողությամբ՝
դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին);
ավտոմեքենայով կամ ավտոբուսով կարող են մուտք գործել միայն Լեհաստանի քաղաքացիները, նրանց ամուսիններն ու երեխաները, դիվանագետները, ինչպես նաև Լեհաստանի կացության կարգավիճակ (քարտ), ժամանակավոր կամ մշտական կացության, աշխատանքի վավեր իրավունք և հատուկ դեպքերի համար նահանգի (վոևոդության) կողմից տրված թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները;
միջազգային ավիացիոն կապերի կասեցման պայմաններում, թույլատրվում է նախկինում ծրագրված որոշ չարթերային և Լեհաստանի քաղաքացիների (վերը թվարկված օտարերկրյա քաղաքացիների) վերադարձը կազմակերպելու համար հնարավոր հատուկ թռիչքների իրականացումը դեպի Լեհաստան: Այդ նպատակով Լեհական ավիաուղիների (LOT) համապատասխան կայքում (https://lotdodomu.com/) կարելի է գրանցվել չարթերային թռիչքի համար;
ս.թ. մարտի 16-ի դրությամբ կասեցվում են ներքին օդային ուղևորափոխադրումները: Ներքին ավտոբուսային և երկաթուղային տրանսպորտը գործում է անփոփոխ;
14 օր (առնվազն) տևողությամբ՝
փակ են արագ սննդի կետերը, սրճարանները, ռեստորանները (իրականացվում են միայն առաքման ծառայություններ), ակումբները, թանգարանները, գրադարանները, կինոթատրոնները, մարզասրահները, լողավազանները և այլն, ինչպես նաև դպրոցները, մանկապարտեզները և բուհերը;
բաց են մթերային, ինչպես նաև այլ ապրանքների (հագուստի, զարդերի, կոսմետիկայի, գործիքների և այլն) խանութները և բանկերը: Առևտրի կենտրոններում (մոլ) բաց են միայն՝ բանկերը, մթերային խանութները, դեղատները և լվացքատները»,-հայտնում են դեսպանատնից: