Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը․ Արման Թաթոյանի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցնե’ր,

Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո:

Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝

1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են.

2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա.

3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին.

4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումներին, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է.

5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի.

6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը.

7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա.

8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն.

9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի.

10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով նեգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք.

11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հացերը առաջնահերթ ուշադրության առարկա են.

12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել