Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝
1. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով.
2. մինչև 2020 թվականի մարտի 23-ը կատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել).
3. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի.
4. փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am).
5. փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով.
6. վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու, ինչպես նաև փաստաբանի կողմից վարվող գործերով օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Փաստաբանների պալատը մինչև 2020 թվականի մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Անհետաձգելի դեպքերում, հանրային պաշտպանի գրասենյակը սահմանված կարգով իրավաբանական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին:
Մինչև 2020 թվականի մարտի 23-ը Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին):
Առողջություն բոլորին:
Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է հրապարակել այս հայտարարությունը և նշեց, որ այն փաստաբանների պալատի անունից է։
«Կոչ եմ անում դատավորներին և քննիչներին՝ հետաձգել մինչև 2020թ. մարտի 23-ը նշանակված նիստերը և քննչական գործողությունները, բացառությամբ անհետաձգելի նիստերի և գործողությունների»,-նշել է նա։