«Զվարթնոց»-ից հայտնում են, որ օդանավակայանը իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։
Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:
Հարգելի ուղևորներ,
Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին http://zvartnots.aero/»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում կա 23 կորոնավիրուսով վարակված անձ։