Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք է հաստատվել։
Նրա խոսքով, հաստատված դեպքերը Էջմիածնի կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփում ունեցած և մեկուսացված անձնաց շրջանակից են։
«Այն անձիք ովքեր մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց և նրանցից 2-ի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել։ Հիմա իրենք իրենց լավ են զգում։ Նրանց ընտանիքները ևս մեկուսացված են ու հիմա պարզվում է, թե այժմ այլ մեկուսացվող անձանց կարիք ունենք, թե ոչ»,-նշեց նախարարը։
Արսեն Թորոսյանը նշում է, որ իրականում լավ է, որ բոլոր նույն շրջանակից են այլ ոչ՝ անկախ դեպքեր։
Մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից այսօր նոր թեստեր են վերցվել, և դրանց բացասական լինելու դեպքում քաղաքացիներին տուն կճանապարհեն։ Պատասխանները կլինեն երեկոյան։
Նախարարը հայտնեց, որ որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակին համահունչ ու եթե կարիք լինի նոր որոշումներ կընդունվեն։
«Առանց սոցիալական պատասխանատվության մենք չենք կարող հաղթահարել վիրուսը։ Երբ մենք՝ լինելով ռիսկի խմբում, կամ եկած լինելով ռիսկային երկրից չենք թաքցնում, հակառակը՝ տեղեկացնում ենք համապատասխան մարմիններին՝ Առողջապահության նախարարությանը, տեղամասային պոլիկլինիկային կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին՝ սիմպտոմներին մասին և մեր թեժ գծերը ինտենսիվ աշխատում են, զանգերն ընդունում ու ուղորդում են պացիենտներին համապատախասն բժշկական հաստատություններ՝ ստուգման»,-ասաց նա։
Արսեն Թորոսյանը հորդորեց մոտակա ժամանակաշրջանում հնարավորինս նվազեցնել շփումն այլ մարդկանց հետ, նույնը վերաբերում է հանրային տարբեր միջոցառումներին մասնակցություններին և այլն։ Հարսանիքները, կնունքի արարողություններն ու նման միջոցառումները ևս լավ կլիներ, որ հետաձգվեն, կամ արվեն սեղմ շրջանակով, տարածքի հաճախակի օդափոխմամբ և այլն։
Նախարարը հատուկ հորդոր հղեց տարեցներին ու խրոնիկ հիվանդություններ ունեցողներին։
«Խնդրում եմ նրանց առավելագույնս սահմանափակել շփումները, հնարավորության դեպքում կամ մնալ տանը, կամ կոնտակտները քչացնել այլ անձնաց հետ, քանի որ իրենք ամենախոցելի խավն են ու ընդհանրապես սուր շնչառական վիրուսների, գրիպի համար, կորոնավիրուսի համար ևս։ Մենք բոլորս պետք է պատասխանատվություն ունենանք պաշտպանելու մեր խոցելի քաղաքացիներին»,-ասաց Արսեն Թորոսյանը։