Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Փոխվարչապետն ասել է.
«Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին:
Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան ու կկայացնենք որոշումներ:
Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, այդ քննարկումը այսօր այստեղ պետք է տեղի ունենա ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»:
Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:
Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:
Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները: