«Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին՝ հավելելով, որ ուղևորները հասցեական քարտեր լրացնելու են՝ անկախ նրանից՝ եկել են կորոնավիրուսի համար ռիսկային համարվող երկրից, թե՝ ոչ:
«Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը»,- նշել է փոխվարչապետը:
Ավինյանը նաև ներկա է եղել ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Կորոնավիրուսի պատճառով Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 13-ից ապրիլի 8-ը դադարեցրել էր դեպի Իտալիա և այդ երկրից չվերթները: