Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:
Օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակների վրա:
Պահպանվել են նախկինում գործող օրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Հիմնական սահմանափակող դրույթներն են.
Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից արգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.
- 18 տարին չլրացած անձանց,
- ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,
- մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը,
- առանց օրենքով նախատեսված թույլտվության,
- բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
- առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում և օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):
Նաև արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:
Վաճառքի կանոնների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Արգելվում է նաև 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: Դրույթի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում`
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
- այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,
- վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
- հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
Օգտագործումն արգելող կանոնների խախտման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
Գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների իրականցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Օգտագործումն արգելող վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում պետք է տեղադրվեն օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Նախատեսված որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները տարբեր են:
Օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետում արգելվելու է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հառավորության վրա:
Ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում արգելվելու է օգտագործումը հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում:
2021 թվականի հունվարի 1-ից արգելվելու է հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:
Նաև արգելվելու է օգտագործումը`
- hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),
- աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
- առևտրի կենտրոններում,
- ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:
2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):
2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ):
- Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և նմանակների շրջանառությանը վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգումներ, որոնք ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում:
Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: