Հայկական բեռնատարները հատել են հայ-վրացական սահմանը. իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում. նախարարություն

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ`առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում:

Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։

Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել