Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Լիզա Քարիմյանի դիմումը՝ դրամական փոխհատուցում ստանալու վերաբերյալ։ Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Փետրվարի 21-ին ստորագրված որոշման մեջ նշվում է, որ Լիզա Քարիմյանը 2019 թվականի դեկտեմբերի 30-ին առցանց դիմում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Նալբանդյան համար 29 շենքի մուտքի առջև գտնվող ծառի ճյուղն ընկել է բակում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս: Որպես ապացույցներ, ներկայացվել են լուսանկարներ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի, վարորդական վկայականի պատճենները:
Դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Արդեն 2020 թ-ի հունվարի 29-ին, վարչական վարույթի լսումների ժամանակ պարզ է դարձել, որ Լիզա Քարիմյանի կողմից չեն ներկայացվել ավտոմեքենայի վնասի չափը որոշող, պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր: Նա բանավոր հայտարարել է, որ ավտոմեքենային պատճառված վնասի չափը մոտավորապես կազմում է 60.000-70.000 դրամ, սակայն դա հիմնավորող ապացույց չի ներկայացրել: Բացի այդ, պարզվել է նաև, որ ավտոմեքենան հանդիսանում է Ասյա Կոսյանի սեփականությունը:
Որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիզա Քարիմյանը չի հանդիսանում դիմումում նշված ավտոմեքենայի սեփականատերը, հետևաբար նա չի հանդիսանում նաև նշված ավտոմեքենային պատճառված ենթադրյալ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, ուստի դիմումը ենթակա է մերժման:
Հավելենք, որ որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։