Չեք կարող հավակնել հանրային կարևորության հարցերով զբաղվելու և միաժամանակ էսքան «տկլոր» լինել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Կարծում եմ, էս նկարը արդեն որոշ չափով ծանոթ է: Երեկ երեկոյան տասնյակ մարդիկ էին սա ինձ ուղարկում՝ թե «սա ի՞նչ ա»:

էն, որ պրոֆեսիոնալ մեդիայից հեռու մարդկանց մոտ սույն նկարը կարող է հարցեր առաջացնել, ցավալի է, բայց ոչինչ: Բայց երբ լուրջ լրատվամիջոցի հավակնություն ունեցող կայքից են զանգում էս հարցով, սա արդեն ողբերգություն է:

Ընդ որում, աղջիկը զանգել է ու հանդիմանական-խորհրդավոր տոնով հարցնում է բառացի՝ «տեղյակ ե՞ք, որ երեկվանից Երևանի փողոցներում եղնիկ է թափառում»: Մի անգամ էլ, խնդրում եմ, նայեք էս նկարին. միակ բանը, որ պակասում է դրա վրա, «ՀՈՐԸՍ ԱՐԵՎ, ՖՈՏՈՇՈՓ ԱԱԱԱ» գրությունն է:

Ի դեպ, որքանով տեղյակ եմ, գիշերը նույնիսկ որոշ «պատկան» մարմինների են փորձել ներգրավել էս եղնիկազավրին հայտնաբերելու աշխատանքների մեջ: Տղաներ և աղջիկներ, իսկապես, սա արդեն ծիծաղելի չի. չեք կարող հավակնել հանրային կարևորության հարցերով զբաղվելու և միաժամանակ էսքան «տկլոր» լինել: Ու սա պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունի՝ պարտադիր չի Կոպեռնիկոս լինել՝ իմանալու համար, որ երկրագունդը կլոր ա: Պարտադիր չի մեդիա-գուրու և ֆոտոշոպի վարպետ լինել՝ իմանալու համար, որ կենգուրուի պոչով եղնիկ չի լինում, կամ որ չորքոտանի կենդանին չի կարող ստվեր թողնել միայն երկու ոտքերից:

Ու սա լուրջ խնդիր է, չափազանց լուրջ. որովհետեւ, էս անմեղ կատակից բացի, կարող են ձեր կյանքում այլ «հանաքչիներ» էլ ռաստ գալ, որոնք ֆոտոշոպի գործիքներին ավելի լավ են տիրապետում, ու որոնց «կատակների» հետևանքները կարող են ավելի տխուր լինել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել