Թեհրանից ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվել է։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Նրանք չեն անցել ազատ առեւտրի գոտու տարածքով (duty free), դուրս են եկել հնարավորին չափ կարճ ճանապարհով։ Կատարվել են ախտահանման քայլեր։ Օդանավակայանում եւս ջերմաչափվել են ու անցել վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում։ Բոլոր ուղեւորների համար լրացվել են հասցեական քարտեր։
Ախտահանվել են նաեւ տեղափոխող ինքնաթիռի ու ավտոբուսի սրահները։ Միջազգային առողջապահական կանոններն օդանավակայանների համար անվտանգության հատուկ նորմեր են սահմանում։
Այս ուղեւորների հետագա առողջական վիճակը կլինի ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։