Պարզեցվել Է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ  161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն  դրամով կամ 80.3%-ով: Ընդհանուր առմամբ,  վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը  79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը:  Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները): Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռնվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):

Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով  1 միլիարդ 575  միլիոն դրամի գումար:

Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների (հին ու նոր դեբետների) համար նույնպես (նախկինում միայն 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով էր) սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են (միասնական հաշիվ են մուտքագրվում)  դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: (Եթե հարկ վճարողի տվյալները համապատասխանում են կառավարության համապատասխան որոշումներով սահմանված չափանիշներին): Բարձրացվել է պարզեցված ընթա¬ցա¬կարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ:

Դյուրացվել է պարզեցված ընթա¬ցա¬կարգով վերադարձման կարգը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը: Փոփոխությամբ` հարկային պարտավարության առկայության պարագայում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները պարզեցված ընթացակարգով մուտքագրվում են միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով մարվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի (միասնական հաշվին մուտքագրման) ժամանակահատված է սահմանվել եռամսյակը՝ նախկին կիսամյակի փոխարեն:  Հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց առավել հաճախակի պարբերականությամբ դիմելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցող գումարները միասնական հաշվին մուտքագրելու նպատակով 2019թ-ին իրականացվել է 2356 ուսումնասիրություն, իսկ 2018թ-ի ցուցանիշը գերազանցել է  1258-ով կամ 114.6%-ով:

Բիզնեսին նման ծավալով գումարների վերադարձը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում տնտեսության բոլոր ոլորտներում՝ այդ միջոցների շրջանառության ամբողջ շղթայում: Տնտեսվարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Միաժամանակ միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներով  հնարավորություն են ստանում մարել ինչպես այլ հարկերի ու վճարների գծով պարտավորություններն:

2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան  3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 4021-ի դիմաց, աճը՝ 77.9 տոկոս:

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման (վերադարձման) գործընթացը: Ինչը նշանակում է, որ դիմումների, եզրակացությունների ու տեղեկանքների համակարգչային ձևերի ստեղծումը, դրանց հաշվառման և շրջանառման պայմանների ապահովումը կիրականացվի ավտոմատ: Արդյունքում էականորեն կկրճատվի՝ դիմումի ստացման օրվանից մինչև ֆիզիկական անձի բանկային հաշվին գումարի մուտքագրելու ժամանակի տևողությունը, կբացառվեն մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներն ու բացթողումները, կհեշտացվի վերահսկողությունն ու հաշվառումը:

Վերադարձված գումարների համադրությունն ըստ տարիների՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել