ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար: Այս մասին հայտնում են ցհանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։
Ուստի Հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։