«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝
• պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
• կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,
• մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են:
Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝
Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:
Օրենքը նախատեսել է բացառություն հետևյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝
• բռնագանձվում է ալիմենտ,
• հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը,
• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով: աՍակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով: