Պետական գնումների ոլորտում փոփոխություններ են առաջարկվում

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական գնումների ոլորտի կարգավորմանը վերաբերող մի խումբ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Գնումների մասին» ՀՀ օրենքում, «Պետական տուրքի մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում:

Այսպես՝ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է տրվում գնման ընթացակարգի արդյունքները բողոքարկել ոչ թե արտադատական ընթացակարգով, ինչպես արվում է այժմ, այլ դատական: Այսինքն՝ բողոքարկման արտադատական համակարգ գոյություն չի ունենա և բողոքարկման համակարգը կվերապահվի բացառապես դատարաններին:

Դատարաններում այդ բողոքները կարող են ներկայացնել միայն շահագրգիռ անձինք կամ հասարակական կազմակերպությունները, իսկ դրանց քննությունը կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ արագացված դատաքննությամբ:

Ըստ նախագծերի փաթեթի հիմնավորման, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ, իսկ կայացված որոշումները՝ խնդրահարույց: Հաճախ կայացվում են հակասական որոշումներ կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, ինչը դրանք կազմակերպելու և անցկացնելու տեսանկյունից հանգեցնում են ծրագրերի ձախողման, դժգոհությունների և ֆինանսական կորուստների:

Նախագծերում ներկայացված կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագտների հետ և համարվել ընդունելի լուծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել