Սերժ Սարգսյանի կատարած քայլը չի կարող որևէ բանի հետ համեմատվել․ Արա Բաբլոյանը՝ իր և 2-րդ նախագահի քրգործի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկում է ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։

Հարուցված քրեական գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, Բարսեղ Բեգլարյանին՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), իսկ փոխնախարարն ու հիշյալ վարչության պետը՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը օժանդակելը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել