Փոխքաղաքապետը զրուցել է ուսուցչին ապտակած ծնողի հետ․ նոր մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այցելել է թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Տիգրան Վիրաբյանը երկար զրույց է ունեցել նախ երեխայի հոր հետ: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչը կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են իրականացրել և բռնության փաստը չի հաստատվել:

Երևանի փոխքաղաքապետը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ:

«Ցանկացած պարագայում համարում ենք, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Ծնողին առաջարկվել է՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցերի պատասխանները, կարծում ենք, կտան իրավապահները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Ըստ դպրոցի հայտարարության՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Վերջինս խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել