Ոստիկանության կանոնագիրքը ճանաչվեց հակասահմանադրական

ՀՀ սահմանադրական դատարանը այսօր հակասահմանադրական ճանաչեց՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը`որի համաձայն՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք 16.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Հարցն այն էր, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել