Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն, սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքը կսահմանի ՀՀ-ում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, ֆունկցիոնալության գնահատման նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաև կկարգավորի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:

Օրենքի գործողությունը կտարածվի  ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ՀՀ կառավարությունը՝ կմշակի և կիրականացնի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականությունը, կհաստատի հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը,  անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայություններ տրամադրելու կարգը,  աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները:

Գնահատման արդյունքում անձը կճանաչվի հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) կամ չի ճանաչվի, կորոշվի նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը, մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը:

Անձի ֆունկցիոնալության գնահատումը կիրականացվի անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ հետևյալ դեպքերում.

  • հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու.
  • անձի ֆունկցիոնալության սահմանփակման աստիճանը որոշելու,
  • հաշմանդամության ժամկետը լրանալու,
  • անձի առողջական վիճակի փոփոխության,
  • գնահատման կենտրոնի կողմից կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու,
  • ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն  կատարելու,
  • անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու,
  • հաշմանդամության պատճառական կապը որոշելու,
  • ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու,
  • մահվան պատճառական կապը որոշելու:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել