Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 250 հազար դրամի չափով:
Հեռուստաընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով:
Հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կկարողանա հայց ներկայացնել, եթե համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն և հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կկարողանա հայց ներկայացնել հետևյալ դեպքերում՝
-
- խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը,
- խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի խտրականությունից պաշտպանվելու իրավունքը և, որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում: