Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել։
Նախատեսվում է սահմանել, որ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում նոր 4-րդ մասի ներառումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորմամբ: Ըստ վերջինի՝ ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաեւ նրանց մայրությունը եւ (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:
Սակայն իրավունքների ինքնուրույն իրականացման համար պարտադիր է անձի գործունակ լինելը:
Գործունակության հասկացության եւ այն ձեռք բերելու վերաբերյալ դրույթներն ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում:
Ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու եւ իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից: Սա գործունակության ձեռքբերման ընդհանուր կանոնն է:
Կան նաեւ այլ կանոններ, որոնք բացառություններ են ընդհանուր կանոնից եւ որոնցից երկուսը սահմանված են նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում: Իսկ երրորդ բացառությունը բխեցվում է Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասից:
Այսպես՝ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչեւ տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:
Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորությունը՝ անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Ինչպես երեւում է, Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն իրավիճակնեըը, երբ անչափահասները կարող են լրիվ գործունակություն ձեռք բերել:
Այս ցանկում ներառված չեն այն անչափահասները, ում ամուսնությունը չի գրանցվել, բայց նրանք երեխա են ունեցել, ինչպես նաեւ նրանք, ովքեր երեխա են ունեցել մինչեւ 16 տարեկան լրանալը: Իհարկե, նման դեպքերը ցանկալի չեն եւ ըստ էության անթույլատրելի, սակայն երբ արդեն գործ ունենք փաստի հետ, պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով: Իսկ երեխայի լավագույն շահը պահանջում է, որ նրա ծնողները 16 տարին լրանալու ուժով եւ ծնող լինելու փաստի ուժով գործունակ դառնան, որպեսզի կարողնանան իրականացնել երեխայի լավագույն շահից բխող անհրաժեշտ գործարքները:
Գործող իրավակարգավորումը հնարավորություն չի տալիս նրանց գործունակ ճանաչել եւ ծնողական իրավունքներն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չի նախատեսում: Այնինչ, Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասն անչափահաս ծնողների համար նախատեսում է ծնողական իրավունքների ինքնուրույն իրականացման հնարավորություն:
Ուստի, Ընտանեկան օրենսգրքի նշյալ կարգավորման գործնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսել անչափահասներին գործունակ ճանաչելու եւս մեկ հնարավոր եղանակ, այն է՝ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից»,-նշել են հեղինակները: