Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 21-ին, ընթանում է Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։
Դատավորը նշեց, որ ԱԱԾ-ից ստացվել են ապացույցները, դրանց թվում` Դավթյանի բջջայինը և վերջինիս մոտ հայտնաբերված 3000 դոլարը:
Արսեն Դավթյանի պաշտպանները միջնորդեցին հեռախոսը կամ դրա քարտը վերադարձնել նրան, քանի որ այն վերցվել է միայն այն պատճառով, որ ձերբակալության պահին գտնվել է աշխատասենյակում:
Դատավորը հարցրեց. «Հեռախոս չունե՞ս, Արսեն»:
Արսեն Դավթյանը նշեց, որ հեռախոս ունի, պարզապես հեռախոսագիրքը ամբողջությամբ այդ հեռախոսի մեջ է: Դատախազը չառարկեց հեռախոսի վերադարձման վերաբերյալ, դատավորն էլ նշեց, որ հեռախոսի վերադարձման հարցի մասին որոշումը կկայացնի նիստի վերջում:
Դատարանը սկսեց վկաների հարցաքննության փուլը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: