Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայցրել ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-Ի N 381-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարություն որոշման նախագիծը:
Նախատեսվում է սահմանել երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերը:
Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված:
Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք կդասակարգվեն ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,
բ) 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,
գ) մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:
Մասնագիտացված մանկատներ, որոնք կիրականացնեն հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը և կդասակարգվեն ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,
բ) 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:
Ընտանեկան տիպի խնամք իրականացնող կազմակերպություն, որը կիրականացնի 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) ընտանեկան տիպի խնամքի փուլ` կիրականացնի 3-13 տարեկան երեխաների խնամքը` 6 երեխայից ոչ ավելի խմբով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թիվը մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա), ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական «մոր» կամ ամուսնական զույգերի կողմից,
բ) երիտասարդական տան փուլ` կիրականացնի 13-18 տարեկան երեխաների խնամք` 8 երեխայից ոչ ավել խմբերով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թվով պայմանավորված մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա) ,
գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կկազմակերպի 18-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց խնամքը` բնակարաններ գնելու կամ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:
Ճգնաժամային աջակցության կենտրոն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ,ըստ անհրաժեշտության, ուղեկցողների անհապաղ տեղավորում և առավելագույնը մեկ տարի շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրում:
Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք և նախապատրաստում ինքնուրույն կյանքի:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը: