Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:
Այցի հիմնական նպատակն էր անձնակազմին ներկայացնել հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Մանուկ Պողոսյանին, որը մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր և փորձաշրջանի ընթացքում իրեն դրսևորել է հավուր պատշաճի:
Ծառայության պետն առաջին տեղակալի և հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել բնակելի տարածքում, հանձնուքների ընդունման սենյակում, որտեղ հետաքրքրվել է նոր տեղադրված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության արդիական ռենտգեն սարքի կիրառման արդյունավետությամբ:
Շրջայցի ընթացքում եղել են նաև բուժմասում, մարզասրահում, հիմնարկի՝ նոր վերանորոգված խոհանոցում, ծանոթացել օրվա ճաշացանկին, տրվող սննդի որակին և պատրաստման գործընթացին: Ա. Գոյունյանի կողմից հանձնարարվել է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները:
Ծառայության պետը նաև հանդիպել և զրուցել է ազատազրկված անձանց հետ, նրանց կողմից առաջ քաշված խնդիրների լուծման նպատակով քրեակատարողական հիմնարկի համապատասխան ստորաբաժանումներին տվել է հրահանգներ:
Շրջայցի ավարտին հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ ծառայության պետը հատկապես կարևորել է ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը, այդ թվում՝ հնարավոր բոլոր միջոցառումների ձեռնարկումն արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:
Հանգամանալից քննարկվել են նաև սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտի զարգացմանն ու առողջացմանն ուղղված աշխատանքները, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Ա. Գոյունյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինն այսուհետ համակարգելու է ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել կատարման ենթակա, հստակ ժամանակացույցով աշխատանքային ծրագիր՝ սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտի, այդ թվում՝ ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի բացառման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ և նպատակային դարձնելու համար:
Արտակ Հարությունյանն իր հերթին հավաստիացրել է, որ հետամուտ են լինելու ծառայության որդեգրած նոր քաղաքականությանը և գործելակերպի ձևաչափերի իրագործմանն ու անշեղ պահպանմանը, որպիսիք միտված են կոռուպցիոն ռիսկերի բացառմանը և մասնագիտական հմտությունների ու կարողությունների բարձրացմանը:
Հիշեցնենք, որ «Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով: