Եվրոպական միության կողմից Հայաստանը 17 մլն եվրո աջակցություն կստանա

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը մշակվել է 2019թ. սկզբին՝ Բարձր մակարդակի էներգաարդյունավետության նախաձեռնության շրջանակում իրականացված դոնոր կազմակերպությունների քարտեզագրման և բացերի վերլուծության, ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերի ցանկի հիման վրա: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի, հանրային, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում: Միաժամանակ, ծրագրի ներքո տեխնիկական աջակցություն կտրամադրվի էներգաարդյունավետության մասով ստանդարտների իրականացման համար՝ հատուկ նպատակ ունենալով նվազեցնել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով էներգասպառումն ու ծախսերն առանձին սպառողների և պետական գերատեսչությունների համար: Էներգիայի պահանջարկի առավել կայուն աճի հանգեցնող բարելավված էներգաարդյունավետությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ կախվածությանն ու էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերի լուծմանը:

Հավանության է արժանացել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Նախատեսվում է համայնքների ռազմավարությունների իրագործման գործընթացում առաջնային դերը և նախաձեռնությունը վերապահել համայնքի անդամներին։ Վերջիններս կխրախուսվեն համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ փնտրելու, ինչպես նաև ֆինանսավորման և իրականացման ենթակա այնպիսի նախաձեռնություններ առաջարկելու համար, որոնք կնպաստեն իրենց անմիջական միջավայրի, հանրային ծառայությունների, կյանքի որակի, միջհամայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքի կողմից իրականացվող գործունեության բազմազանեցմանը և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը։ Այդպիսի նախաձեռնություններն իրենց ազդեցությունը կունենան համայնքի անդամների զգալի մասի վրա՝ աշխատատեղերի ստեղծման, ծառայությունների տրամադրման կամ նրանց կենսական պայմանների բարելավման միջոցով։ Կապահովվի նաև կարողությունների զարգացում, ակտիվ ուսուցում և անհատական վերապատրաստում՝ համայնքների հաջողության և պիլոտային ծրագրի կայունության ապահովման նպատակով: Կիրականացվի նաև համայնքներում աշխատատեղերի ստեղծման և բիզնեսի զարգացման համար դրամական փոխանցումների մոբիլիզացմանն ուղղված պիլոտային ծրագիր։

Հավանություն է տրվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է օժանդակել որակի ապահովման համապատասխան ենթակառուցվածքին, ՀՀ կառավարությանը տրամադրել ռազմավարական բնույթի խորհրդատվություն և ուղղորդում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ պետական հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և կադրային կարողությունները Թվինինգ ծրագրերի, ԵՄ բարձրաստիճան խորհրդականների ծրագրի և Երիտասարդ փորձագետների ծրագրի միջոցով: Ծրագրով նախատեսվում են նաև գործողություններ՝ ՀԸԳՀ-ի իրականացման առնչությամբ քաղաքականության մշակմանը, մոնիթորինգին և իրազեկության բարձրացմանն աջակցության ուղղությամբ: Վերջինս կնպաստի նաև ավելի մեծ թվով ոչ պետական դերակատարներին և քաղաքացիներին ոլորտային բարեփոխումների ճանապարհային քարտեզների հասանելիությանը՝ ՀԸԳՀ-ի հետ կապված բարեփոխումների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու արտահայտվելու իրավունքի իրացումը դյուրացնելու համար: Ռազմավարական հաղորդակցության գործողությունների ծրագիրը կնպաստի ՀՀ կառավարության կարողությունների բարձրացմանը, հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանը, ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացի ընկալմանը և տեսանելիությանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների շրջանում կբարձրացնի ԵՄ գործողությունների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի տեսանելիության, ըմբռնման և դրանց նկատմամբ ցուցաբերվող աջակցության մակարդակը: Միաժամանակ, որպես բարձր տեսանելիությամբ առաջնային ծրագիր, Երևանում և Գյումրիում նախատեսվում է ստեղծել ԵՄ տներ, որոնք կլինեն բազմաֆունկցիոնալ հանգույցներ և  կծառայեն Հայաստանի քաղաքացիներին՝ ուղղակի կապ հաստատելով ԵՄ-ի, դրա անդամ պետությունների հետ և նրանց գործունեության միջև, ինչպես նաև տրամադրելով մշակութային միջոցառումների, բանավեճերի, անհատական հանդիպումների, վերապատրաստման դասընթացների համար տարածք և այլն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով էներգախնայողության թեմային, ընդգծել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք բոլորս մեր աշխատավայրերի, շենքերի, տների տաքացման՝ ջերմացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար: Եվ այս իքս գումարը կարող է նվազեցվել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության ներդրում անելու պարագայում ենթադրենք կծախսենք 700 դրամ, և օրինակ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանեկան կամ ընդհանրապես մեր ծախսերի, մեր բյուջեի վրա: Այս առումով, կարծում եմ, որ էներգախնայողության թեման, հատկապես մեզ համար, պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ  Եվրոպական միության կողմից Հայաստանի էներգախնայողությանն ուղղված աջակցությունը ծառայեցվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը, և այդ գումարը կազմում է 17 մլն եվրո:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարներին աշխատել համատեղ Կենտրոնական բանկի հետ՝ էներգախնայողությունը կառավարության համար ռազմավարական թեմա դարձնելու ուղղությամբ: «Այսինքն՝ պետք է խնդիր դնենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով պետք է դառնա, ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ: Սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է, և մենք այս խնդիրը պետք է լուծենք, զուգահեռ, իհարկե, այլընտրանքային էներգետիկան զարգացնելով», -ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է, որ  դիտարկելու է նաև պելետներով ջեռուցում իրականացնելու խնդիրը, որը շատ եվրոպական երկրներում կիրառվում է: «Այսինքն՝ բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվում ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, այլ օգտագործվում են բրիկետներ, որոնց արտադրության մասին խոսել ենք»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող շինարարություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ: «Այդպես ժամանակ կար, որ ասում էին՝ մարդիկ թող տուն սարքեն և այլն, բայց հետո այդ մարդկանց կառուցած տունն իրենց բարեկեցության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, մտածողության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, իհարկե, դա ոչ մեկ հետագայում չի գնահատում: Այնպես որ մենք պետք է նաև այստեղ այդ տրամաբանությունից դուրս գանք, և պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ և այլն», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  պարզվում է, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: «Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, հայտնի մարդկանց առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են արել՝ ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինակացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և այսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել: Պետք է նայել այդ հարցը՝ մենք ինչ խնդիր ունենք լուծելու»,-  ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. «Հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»: Վարչապետ Փաշինյանը հորդորել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այդ խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել