Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:
Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:
Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:
Հիշեցնենք, որ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:
«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:
Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված: