Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նախատեսվում է, որ ծննդյան վկայականը կպարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` ազգությունը, հանրային ծառայությունների համարանիշը,
բ) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը,
գ) ծննդի ակտի գրառման ժամանակը և համարը,
դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը),
ե) ծննդյան վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:
Նախատեսվում է նաև, որ հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի նաև ՀՀ քաղաքացուն, ՀՀ բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, ՀՀ մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձից ծնված երեխայի ՀՀ գրանցված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման դեպքում, երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը: