Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ օրենքը կկարգավորի բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, կսահմանի բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձևերը, բարեգործական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:
Լիազորված մարմինը կիրականացնի հետևյալ գործառույթները.
1) օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը՝ որպես բարեգործական որակում և գրանցում,
2) ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին,
3) որպես բարեգործական որակված ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների շրջանակը որոշելը,
4) որպես բարեգործական որակված ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ՝ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը,
5) որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը,
6) դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետների երկարաձգումը մինչև վեց ամիս ժամկետով,
7) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ՝ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը,
8) որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնա-հատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելը, ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը,
9) բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության կողմից ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը` Կառավարության` տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշմանը համապատասխան,
10) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը,
11) օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:
Բարեգործական ծրագրի ներկայացման ձևը կսահմանի լիազորված մարմինը:
Բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր կհամարվեն բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձը, իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման և գործուղման հետ կապված ծախսերը, իրականացնող կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսված միջոցները:
Օրենքի պահանջներին բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի լիազորված մարմինը: Բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունը լիազորված մարմին կներկայացնի իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն:
Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների և մշտադիտարկման արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ կդիմի իրավասու մարմիններ:
Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը կսահմանի և կհաստատի լիազորված մարմինը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ գործող իրավական կարգավորումներով նախատեսված է վերահսկողություն իրականացնել միայն բարեգործական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս բարեգործական ծրագրերի իրականացման արդունավետությունը գնահատելու համար լիարժեք տեղեկություններ ստանալ ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի վերաբերյալ:
Բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունը լիազորված մարմին կներկայացնի իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն