Ինչպես արդեն հայտնել էինք, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հ․Բ․-ն երեկ ինքնավնասում է արել, ինչի մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։ Տեղեկության համաձայն՝ նա ամորձիները մեխել է աթոռին։
Նրա պաշտպան Էդգար Թովմասյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում Հ․Բ․-ն ստացել է դեղեր, սակայն փետրվարի 17-ին և 18-ին բժիշկները հրաժարվել են դրանք տրամադրել՝ պատճառաբանելով, որ «նրան չի հասնում»։ «Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ 2 օր դեղեր չստանալու արդյունքում ցնցումներ են սկսվել մոտը։ Նա պահել է նախկինում տրամադրված դեղերի տուփերը։ Այդ ինչպես է, որ նախկինում հասնում էր, հիմա՝ ոչ»,-նշեց պաշտպանը։
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և կարող է վնասակար հետևանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:
Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապևտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:
«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց և դատապարտյալներին: