Սա շատ մեծ հիմարություն է․ Լևոն Քոչարյանը՝ Սահամանդրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ հանրաքվեի մասին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմը չի աջակցի Սահամանդրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ հանրաքվեի «Ոչ»-ի ճակատին։ Այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր՝ փետրվարի 18-ին, Մարտի 1-ի գործով դատական նիստից հետո։

«Ոչ, մենք այս հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի ձևով չենք պատրաստվում, անձամբ ես, համենայն դեպս, ոչ մի ձևով չեմ պատրաստվում միանալ։ Ի սկզբանե սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է պարազապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար»,-նշեց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով, ներկայիս կառավարությունն ուզում է իրեն արդացանել՝ նշելով, թե ժողովուրդն է պահանջում։ «Դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդն ընդհանրապես ոչ նորմալ գիտի ՍԴ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում, ոչ դատավորների մասին գիտի, ու նորմալ է, որ չգիտի։ Ժողովրդին հուզում է կամերաների հարցը, բալային համակարգը, մնացած այլ բաները, որոնց մասին, չգիտես ինչի՝ ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում։ Այսինքն իրենց մի բան է պետք, վերագրում են ժողովրդին, թե՝ ժողովրդին է պետք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին։

Հավելենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե։

Փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, այն կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել