Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ։
Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ և Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։
Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխանցել է մոտավորապես 120․000 դրամ։
Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ։
Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։
Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ գումար։
Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: