«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։
ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ)
- գովազդի,
- դրա իրացման մեջ մինչեւ 18 տարեկան անձանց ներգրավելու,
- վաճառասրահներում դրանք ցուցադրելու,
- հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու
արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները (հոդված 47.15.):
Ո՞ր դեպքերում ԱԱՏՄ-ն որքա՞ն տուգանք կկիրառի։
- Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
- Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ ապրանքների/աշխատանքների/ծառայությունների գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
- Եթե ծխախոտը հիշատակվում կամ ներառվում է այլ ապրանքի/աշխատանքի/ ծառայության գովազդում։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
- Եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։ Տուգանք նախատեսված է նաեւ ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ Օրենքի այս դրույթն ուժի մեջ է մտնում 2021-ի հունվարի 1-ից։
- Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում՝ ֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումներ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։
- Եթե հեռարձակողը ծխախոտի օգտագործման վնասակարության մասին օրենքով սահմանված կարգով և եղանակով չի հաղորդում դրանք պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ:
- Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ (Հոդված 173.1.):
Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:
2020թ․ փետրվարի 13-ին ընդունված այս օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնում։ Հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։
ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակներում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։