Այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև ASWA բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։ ASWA բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ App Store և Google Play Store հարթակներից։ Այս մասին հայտնում են ավտոապահովագրողների բյուրոյից։
Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։
Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին:
Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
«Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն։
ASWA բջջային հավելվածի հղումներն են․
App Store հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455
Google Play Store հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa
Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցերին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում՝ https://www.appa.am/index.php?al=agreed_declaration հղումով։»,-նշված է հաղորդագրությունում։