Իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են համալսարանից։

«Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։

Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի և անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը։

Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել