Մեղադրանքը արհեստական երկարացված է․ Արսեն Սարդարյանը՝ Դավիթ Սանասրայանին առաջադրված մեղադրանքի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ փետրվարի 14-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո Դավիթ Սանասարյանի փաստաբանը նշեց, որ մեղադրանքը արհեստական երկարացված է։

«Կրկին նշվեց անհիմն մեղադրանք Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Գործի ընթացքում պարզ կդառնա, որ Դավիթ Սանասարյանը ղեկավարվել է պետական շահով»,-ասաց պաշտպան Արսեն Սարդարյանը։

Դատախազ Գևորգ Սարգսյանը նշեց, որ չի ցանկանում վիճաբանության բռնվել և իր ներկայացրած եզրակացությունները մեկնաբանելու կարիք չկա։

Հաջորդ դատական նիստի ընթացքում կհետազոտվեն գործին առնչվող ապացույցները։

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 27-ին 10։30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել