Կոտայքի մարզի բոլոր՝ այդ թվում` բարձր լեռնային բնակավայրերը ամենակարճ ժամանակահատվածում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:
Նախադպրոցական կրթական հաստատությունները (նաև նախակրթարաններ) որպես քաղաքացիական հասարակության ձևավորման հարթակ և համայնքներում կյանքի որակի բարձացման կարևորագույն բաղադրիչ` մշտապես եղել և մնում են մարզպետի գործունեության առանցքում:
Հարկ ենք համարում փաստել, որ միայն 2019 թվականին Կոտայքի մարզում ամենատարբեր ծրագրերով մեկնարկեցին միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ընդ որում, վերոնշյալ 10 մանկապարտեզներից 3-ը կառուցվում են հիմքից (Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներ), ինչպես նաև 2 համայնքներում բացվեցին 2 նախակրթարաններ (Կարենիս համայնք և Հրազդան համայնքի Կաքավաձոր թաղամաս), հասարակական սեկտորի հետ համագործակցության արդյունքում էլ Չարենցավանի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում հիմնադրվեցին 2 մոբիլ մանկապարտեզներ:
Իսկ ահա այս տարի նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքներ կմեկնարկեն Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում, Բալահովիտում, Ջրվեժում և Գառնիում:
Ավելացնենք, որ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում. աշխատանքներն արդեն ավարտված են:
2019-2020թթ. ընթացքում Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկների համար հնարավորություն կստեղծվի սեփական համայնքներում հաճախելու նորակառույց, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզներ՝ այդով իրացնելու նախադպրոցական կրթություն ստանալու իրենց անքակտելի իրավունքը:
Հատկանշական է նաև, որ 15 մանկապարտեզների գործունեությամբ Կոտայքի հեռավոր ու բարձր լեռնային համայնքներում ստեղծվում են նաև ավելի քան 200 նոր աշխատատեղեր՝ երաշխավորված համայնքների սեփական եկամուտներով ու ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դոտացիաներով: