4 պետական մարմին խախտել է կալանավորի իրավունքը՝ չտրամադրելով նրան անհրաժեշտ դեղերը. Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրել են, որ քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ տեղափոխված և այնտեղ պահվող կալանավորված անձն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և հոգեբույժի ցուցմամբ ՔԿՀ-ում պահվելու ընթացքում ստացել է դեղորայքային բուժում, սակայն, ՁՊՎ-ում պահվելու ընթացքում հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված բուժումը:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ՁՊՎ-ում գտնվող ազատությունից զրկված անձի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկն ազատությունից զրկված անձին ՁՊՎ տեղափոխելիս չի տրամադրել ցուցված հոգեմետ դեղորայքը և բժշկական ցուցման վերաբերյալ տեղեկությունը:

ՁՊՎ-ից ազատությունից զրկված անձը տեղափոխվել է այլ քաղաքում գտնվող հոգեբուժական կազմակերպություն՝ փորձաքննության նպատակով, որից հետո կրկին փոխադրվել է ՁՊՎ-ը և ևս մեկ օր պահվել այնտեղ: Վերջինս այդ ընթացքում նույնպես հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված դեղամիջոցները:

շՄարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ՁՊՎ ընդունելիս և այնտեղ պահելու ընթացքում չի ապահովվել կալանավորվածի հոգեկան առողջության պատշաճ մասնագիտական գնահատումը, նրան չի ցուցաբերվել առողջական վիճակին համարժեք բուժում:

Ավելին, ազատությունից զրկված անձի կողմից շարունակաբար հայտարարվել է իրեն բուժող բժշկի նշանակած դեղորայքը չտրամադրելու հանգամանքով պայմանավորված առողջական վիճակի վատթարացման մասին, ինչն արձանագրվել է նաև շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի կողմից, սակայն անձը շարունակել է պահվել Ոստիկանության ՁՊՎ-ում՝ առանց մասնագիտական խորհրդատվության կազմակերպման:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Ոստիկանությունը բավարար քայլեր չի ձեռնարկել սուր հոգեկան հիվանդության ախտորոշմամբ տառապող և պարբերաբար առողջական խնդիրներ ներկայացնող ազատությունից զրկված անձին մասնագիտացված հոգեբուժական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբույժի խորհրդատվություն կազմակերպելու և(կամ) բուժհաստատություն տեղափոխելու հարցի քննարկման ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ ՁՊՎ հրավիրվել է շտապ բժշկական օգնության ծառայություն, որը սակայն չի կարողացել տրամադրել ցուցված դեղորայքը, քանի որ ինչպես շտապօգնության բրիգադում, այնպես էլ քաղաքի առողջապահական հաստատություններում հոգեբույժ չի եղել:

Անթույլատրելի է այն, որ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում գործող գծային շտապ բժշկական օգնության և ֆելդշերական բրիգադները համալրված չեն հոգեբույժներով, ունեն սահմանափակ տեսակի դեղորայք՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ավելին, կոնկրետ դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կողմից ազատությունից զրկված անձի մոտ հոգեբուժական ախտորոշման պարագայում՝ բավարար քայլեր չեն ձեռնարկվել պատշաճ հոգեբուժական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ բավարարվելով միայն «ստանալ նշանակված դեղորայքը» ցուցումով:

Պաշտպանը որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործողություններում միաժամանակ: Այս մարմիններին առաջարկվել է համատեղ մշակել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ կամ այլ վայր տեղափոխելու պարագայում հոգեմետ դեղորայքի շարունակական ընդունումն ապահովելու նպատակով այն տրամադրելու հստակ ընթացակարգ:

Ազատությունից զրկված անձի առողջության պահպանումը, այն է՝ ազատությունից զրկման վայրում պատշաճ բժշկական օգնության և խնամքի տրամադրումը պետության պոզիտիվ պարտականությունն է:

Ուստի, ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ներքո գործող շտապ բժշկական օգնության ծառայությունը, հոգեբուժական կազմակերպությունը, ինչպես նաև առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Առողջապահության նախարարությունը պետք է իրականացնեին ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները՝ ապահովելով այս կապակցությամբ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը:

Խախտման որոշմամբ նշված պետական մարմիններին առաջարկվել է կազմակերպել նաև բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի և մասնագետների համապատասխան վերապատրաստումներ:

Առաջարկվել են կոնկրետ լուծումներ նաև ազատությունից զրկված անձի համար, ում իրավունքները խախտվել են:

Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ ի գիտություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել