Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարների և իր խոսնակի հրաժարականի մասին

Ոչ մի բան էլ տեղի չի ունենում, աշխատանքային իրավիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում նախարարությունում տեղի ունեցած հրաժարականներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին հրաժարական էր ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, իսկ փետրվարի 6-ին հրաժարականի դիմում էր գրել ԿԳՄՍ մյուս փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մեկ այլ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն էլ կաշառք վերցնելու գործով կալանավորված է: Այսօր՝ փետրվարի 12-ին, հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաև ԿԳՄՍ նախարարի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Արայիկ Հարությունյանի՝ «աշխատանքային իրավիճակ» արտահայտության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյան մտահոգություն հայտնեց. «Ես մտահոգված եմ, որ կարծում եք՝ սա աշխատանքային իրավիճակ է»,- նշեց պատգամավորը:

Ի պատասխան ԿԳՄՍ նախարարն ասաց. «Մտահոգներ շատ կան ՀՀ-ում՝ դեռ նախորդ ընտրություններից սկսած, բայց պետք չէ մտահոգվել, իրավիճակը վերահսկվում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել