Երեխայից հրաժարվել «համոզողները» կպատժվեն տուգանքով կամ ազատազրկմամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացում կատարել՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար։

Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին։

Ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքում երեխան զրկվում է զարգացման այն հնարավորություններից, որոնք ունենում են ընտանիքում ապրող երեխաները, նրանց մի մասը տեղափոխվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն, որոնք, հետազոտությունների համաձայն, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ երեխաների կյանքի վրա այդ հաստատություններում նույնիսկ ամենալավ պայմանների առկայության պարագայում։

Քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ Այդ հանգամանքը պարզելով՝ հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ, ինչը հիմնականում անհնար է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

Նախարարությունը նշում է, որ առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաև Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը ստորագրվել է Հայաստանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին։

Անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը՝ կպատժվի տուգանքով՝ 200-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Նույն արարքը, որը կատարվում է՝

1) Բուժաշխատողի կողմից,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
5) շահադիտական դրդումներով՝ կպատժվեն ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Նշված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ կպատժվեն՝ ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել