2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած 25 անձ է դիմել փոխհատուցում ստանալու համար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է արդարադատության  նախարարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից` 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրա­դարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման  նպատակով  2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 145 միլիոն դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են 2019 թվականին ներկայացրել փաստաթղթերը, և դրանց մի մասին  նախատեսված միանվագ դրամական օգնությունը չի վճարվել: Նախագծով նախատեսվում է  2020 թվականին   աջակցություն տրամադրել  25 անձի, այդ թվում` առողջությանը ծանր վնաս հասցված`  2 /յուրաքանչյուրին 15.000.000դրամ, ընդամենը` 30.000.000 դրամ և  առողջությանը միջին ծանրության վնաս հասցված` 23  անձանց  / յուրաքանչյուրին 5.000.000դրամ, ընդամենը` 115.000.000 դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել