Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հորդորում է չմեկնել այդ ուղղությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ստիպված եմ խնդրել, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատեք Գեղարքունիքի ուղղությամբ ճանապարհ չընկնել, կամ եթե ճանապարհին եք, ապա հետ վերադառնալ։ Սաստիկ քամու և բքի պատճառով լրջագույն խնդիրներ կան Սևան-Դիլիջան, Վարդենի-Մարտակերտ, Մարտունի-Եղեգնաձոր ուղղություններով։
Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով փակել ենք Մարտունի- Եղեգնաձոր և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհները»,- նշել է նա։
Փետրվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Սոթք-Քարվաճառը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:
Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը: Գորիս-Սիսիանում, Սոթք-Քարվաճառում բուք է:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում: