Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք․ ԱԱԾ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, փորձաքննություններ կատարելիս ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով, նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար, վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են: Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ խմբի կողմից կատարած այլ հանցադեպերը, հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել